Պակիստանի հարավ-արեւմուտքում սեպտեմբերի 24-ին 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է մինչեւ 30-ի: Նման տվյալներ ներկայացնում են տեղական լրատվամիջոցները: Կարմիր Խաչի իրանական կոմիտեն եւ Կարմիր Մահիկն այսօր հայտնել են անհրաժեշտության դեպքում Պակիստան փրկարար խմբեր ուղարկելու պատրաստակամության մասին, ասվում է մարդասիրական կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ավարան քաղաքից (Բելուջիստան նահանգում) 69 կմ հյուսիս-արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 22.9 կմ խորության վրա: Ստացվող տեղեկատվության համաձայն, ստորգետնյա ցնցումների արդյունքում Բելուջիստան նահանգում լրջորեն տուժել են բնակելի տներն ու շինությունները: