Ավտրալիայի նոր վարչապետ Թոնի Էբոտը եւ նրա ավագ երեք նախարարները վերջին երեք տարիներին ընդդիմության շարքերում գտնվելիս հրապարակային ելույթներում եւ հայտարարություններում ճիշտ որակում էին տվել Հայոց ցեղասպանությանը:

Ավստրալական «Armenia Online» կայքը հայտնում է, որ  Ավստրալիայի 28-րդ վարչապետ Թոնի Էբոտը ներկայացրել է իր  կառավարության կազմը: Այդ կապակցությամբ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը հայտարարել է, որ «նախարարների 20%-ը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարության բազմաթիվ անդամներ վերջին ժամանակներս ճիշտ են որակել Հայոց ցեղասպանությունը կամ էլ ուղղակիորեն կողմ են արտահայտվել Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության  ճանաչմանը»:

Ավստրալիայի նոր գանձապետ Ջո Հոկկին, որը հայկական արմատներ ունի, Ավստրալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչ անող ամենաակտիվ անձանցից էր: 2005թ. Հոկկին Ավստրալիայի կառավարության ամենաավագ նախարարն էր, որը Երեւանում այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Այդ ժամանակից ի վեր նա շարունակում է աշխատել այդ հարցի ուղղությամբ: