Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ընդունել է Եվրամիության Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:
Համաժողովը, որը նվիրված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին, անցկացվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանում:
Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում եւ կարեւորել նման միջոցառումների անցկացումը, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս տարբեր ոլորտների, տվյալ դեպքում՝ կրթության եւ գիտության բնագավառի խնդիրները համակողմանիորեն քննարկելու եւ համակարգված քաղաքականություն մշակելու:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես եւ համաժողովի մասնակից երկրները, նպատակ ունի ձեւավորելու եվրոպական չափանիշներին համապատասխան կրթական տարածք, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս խթանելու գիտելիքահենք հասարակության ձեւավորումը, առանց որի, ըստ Նախագահի, դժվար է պատկերացնել տնտեսական եւ սոցիալական զարգացում: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ այդ առումով համաժողովը եղել է արդյունավետ: Սերժ Սարգսյանը ցանկացած պետության համար առաջնահերթ եւ կարեւոր խնդիր է համարել կրթված ու լավ հասարակություն ունենալը, որը, նրա խոսքով, կարեւոր գրավական եւ ամուր հիմք է այդ հասարակության բարեկեցության ու պետության զարգացման համար:
Հանդիպման մասնակիցները ՀՀ Նախագահին ներկայացրել են իրենց երկրներում կրթության եւ գիտության ոլորտում առկա վիճակը, իրականացված բարեփոխումները, խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ իրենց պատկերացումները: Նրանք բարձր են գնահատել Հայաստանում անցկացվող համաժողովը՝ ընդգծելով, որ մասնակիցների համար այն օգտակար է եղել կրթության եւ գիտության ոլորտի արդի խնդիրները քննարկելու, դրանց լուծման նկատմամբ համատեղ մոտեցումներ ձեւավորելու եւ փորձի փոխանակման տեսանկյունից:
Նախագահը հաջողություններ է մաղթել համաժողովի մասնակից կրթության եւ գիտության նախարարներին, ինչպես նաեւ նրանց ղեկավարած գերատեսչություններին՝ իրենց բարդ ու պատասխանատու, բայց միեւնույն ժամանակ շատ կարեւոր գործում:





























