Փետրվարի 2-ին բելառուսական Գրոդնո քաղաքի Մեծ հայրենական պատերազմի առաջին օրերին զոհված սահմանապահների հուշահամալիրից մեկնարկած միջազգային «Հաղթանակի էստաֆետը», որ նվիրված է Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 65-րդ ամյակին, հասավ Հայաստան: Բրեստի ամրոցի հողով խորհրդանշական գավաթը կանցնի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների պետական սահմանների երկու ուղղություններով: Առաջինը` Բելառուսից մինչեւ Հայաստան, երկրորդը ` Մուրմանսկից մինչեւ Ադրբեջան:

Հայաստանի ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 28-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիսավոր պայմաններում, Հյուսիսայի Օսիայի սահմանապահները «Հաղթանակի էստաֆետը» փոխանցել են Հայաստանի իրենց գործընկերներին: Գավաթը կանցնի հայ-վրացական սահմանի ողջ երկայնքով, իսկ մարտի 31-ին հայ սահմանապահները էստաֆետը կփոխանցեն իրենց ռուսաստանյան գործընկերներին: Հանձնման արարողությունը տեղի կունենա Գյումրիի սահմանապահ ջոկատում: Մինչեւ ապրիլի 7-ը, ռուս սահմանապահները «Հաղթանակի էստաֆետը» կանցկացնեն Թուրքիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական սահմանը պահպանող բոլոր չորս սահմանապահ ջոկատներով:

«Հաղթանակի էստաֆետի» երկու երթուղիներն էլ մայիսի 28-ին` Սահմանապահի օրը, կավարտվեն Մոսկվայում: Վերջիններս կհանդիպեն Պոկլոննայա բլրի վրա գտնվող հուշահամալիրում, իսկ միջոցառման ավարտից հետո, գավաթները որպես նմուշներ կտեղադրվեն Հայրենական մեծ պատերազմի եւ Ռուսաստանի ԴԱԾ Սահմանապահների կենտրոնական թանգարաններում:

Մինչեւ Հյուսիսային Օսիա հասնելը «Հաղթանակի էստաֆետը» անցել է Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Սեւծովյան ավազանի, Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաեւո-Չերկեսիայի սահմաններով: