Այս տարի լրանում է Տիեզերքի ամենահեռավոր մարմինների՝ քվազարների, հայտնաբերման 50 տարին, ինչպես նաեւ Սեյֆերտի տիպի ակտիվ գալակտիկաների հայտնաբերման 70 տարին: Այս երկու տեսակի օբյեկտները ակտիվ գալակտիկական միջուկների (AGN) ամենավառ դրսեւորումներն են: Ինչպես հետագայում պարզվեց, Սեյֆերտի գալակտիկաներն իրենց ֆիզիկական հատկություններով շատ մոտ են քվազարներին, եւ հաճախ դրանք երկուսն էլ դիտարկվում են որպես գալակտիկաների էվոլյուցիոն հաջորդականության նախնական փուլերը: Ակտիվ գալակտիկաներն առանձնահատուկ դեր են խաղում գալակտիկաների ֆիզիկայի եւ էվոլյուցիայի հարցերում եւ մեզ համար հատկապես հետաքրքրական են, քանի որ դրանց կարեւորությունն առաջինը հասկացել է Վիկտոր Համբարձումյանը, իսկ դրանց ուսումնասիրություններն ընկած են Բյուրականի աստղադիտարանի գիտական թեմատիկայի հիմքում: Դրանց լայն ուսումնասիրությանը նպաստեց Մարգարյանի գալակտիկաների հայտնաբերումը, որոնց թվում կային թե Սեյֆերտի տիպի գալակտիկաներ, թե՛ քվազարներ եւ թե՛ նոր տեսակի AGN-ներ:
1943թ. ամերիկացի աստղագետ Կարլ Սեյֆերտն (1911-1960) առանձնացրեց արտառոց լայն առաքման գծերով 12 գալակտիկա, որոնց մոտ նկատվում էր մեծ արագություններով գազի արտահոսք: Սակայն մոտակա տարիներին այս աշխատանքն անուշադրության մատնվեց, եւ միայն հետագայում այս գալակտիկաները կոչվեցին Սեյֆերտի անվամբ: Այնուհետեւ, 1963թ. նույնպես ամերիկացի աստղագետ Մաարտեն Շմիդտը (ծն. 1929թ.)` օգտագործելով Պալոմարի աստղադիտարանի 5 մետրանոց դիտակը, աստղանման ռադիոաղբյուրների մեջ հայտնաբերեց Տիեզերքի ամենահեռավոր օբյեկտները, որոնք կոչվեցին քվազարներ (քվազի-աստղային ռադիոաղբյուրներ): Առաջին քվազարն էր 3C 273 ռադիոաղբյուրը, այնուհետեւ իրար հետեւից նույնացվեցին 3C 48-ը եւ մյուսները: Քվազարները եւ Սեյֆերտի գալակտիկաները ներկայումս աստղաֆիզիկայի եւ տիեզերաբանության հիմնարար մասն են կազմում եւ ընկած են սեւ խոռոչների տեսության հիմքում, որոնք էլ անմիջականորեն կապվում են աստղերի եւ գալակտիկաների առաջացման եւ էվոլյուցիայի հետ:
Հայ աստղագետները Բյուրականի աստղադիտարանում նույնպես մեծ ներդրում ունեն քվազարների հայտնաբերման հարցում. մասնավորապես Ջիվան Ստեփանյանի եւ Արեգ Միքայելյանի գիտահետազոտական խմբերի կողմից 1980-2000-ական թթ. հայտնաբերվել են հարյուրավոր նոր պայծառ քվազարներ Բյուրականի շրջահայությունների եւ ռենտգենյան աղբյուրների նույնացումների հիման վրա, ընդ որում, եթե թույլ քվազարները բազմահազար են Տիեզերքում, եւ դրանց հայտնաբերումը ներկայումս միայն վիճակագրական նշանակություն ունի, ապա յուրաքանչյուր նոր պայծառ քվազար կարեւոր է դրանց ֆիզիկական բնութագրերը, բազմալիքային հատկությունները եւ էվոլյուցիան հասկանալու համար: Հիշեցնենք, որ հոկտեմբերին Երեւանում անցկացվեց այս թեմային նվիրված Միջազգային աստղագիտական միության խոշոր գիտաժողով, որին մասնակցեցին շուրջ 140 աստղագետներ:




























