Արդեն եկող գարնանը կհայտարարվի Երեւանում աղբի վերամշակման գործարանի կառուցման եւ շահագործման միջազգային մրցույթ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով՝ մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթը կայացել է, եւ միջազգային 2 կազմակերպություններ արդեն հաղթող են ճանաչվել ու, համաձայն պայմանագրի, 2014 թվականի ապրիլի 1-ից կսկսեն իրականացնել մայրաքաղաքի սանմաքրման ու աղբահանության աշխատանքները:

Երեւանի արտաքին լուսավորության եւ ընդհանրապես վերգետնյա մալուխային ցանցի վերաբերյալ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանի հարցի առնչությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հարցը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, եւ խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են: Ներկայում, մասնավորապես, ստորգետնյա ցանցի անցկացման պիլոտային ծրագիր է իրականացվում: Բավական ծավալուն այս ծրագրի իրականացման համար զուգահեռաբար բանակցություններ են ընթանում մասնավոր, այդ թվում նաեւ միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների հետ: Բացի այդ, նոր կառուցվող բոլոր փողոցներում լուսավորության ցանցը ստորգետնյա է: