Ես չեմ կարծում, որ արտաքին գործընթացներում Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը պետք է զբաղվի կանխատեսումներով եւ նախապես ասի, որ Հայաստանն անպայման կանդամակցի Մաքսային միությանը: Այս մասին, ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք կասկածի տա՞կ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Նախորդ շաբաթվանից Հայաստանում լայնորեն քննարկվում է երկու իրադարձություն, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ-ի անդամակցության հնարավորությունը Մաքսային միությանը։ Առաջինը՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ակնարկը Ղարաբաղի հարցի կապակցութամբ եւ երկրորդը՝ ORT-ի հայտարարությունը, որը ես համարում եմ քաղաքական, որովհետեւ կարծիք կա, որ դա չէր կարող պաշտոնական մակարդակով ճշտված չլիներ։ Հիմա հարց՝ համոզվա՞ծ եք՝ Հայաստանին հաջողվելո՞ւ է անդամակցել Մաքսային միությանը, եւ հետո՝ ի՞նչ է անելու Վիլնյուսում ՀՀ-ն նոյեմբերի 26-29-ին»:
Ի պատասխան Շավարշ Քոչարյանը նշել է, որ ՀՀ շարունակելու է համագործակցությունը Եվրոպայի հետ՝ հաշվի առնելով, որ Մաքսային միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել: «Բնական է, որ դա ենթադրում է որոշակի փոփոխություններ, դրա համար ես այս պարագայում կոնկրետ պատասխան տալ չեմ կարող: Բոլոր հարցերի պատասխանը տրվել է հոկտեմբերի 24-ին հենց Մինսկում, որովհետեւ այնտեղ ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ եւ Բելառուսի, եւ Ղազախստանի, եւ Ռուսաստանի նախագահների միջեւ»,-ասել է նա:
Անդրադառնալով ORT-ի հայտնի հաղորդմանը, ԱԳ փոխնախարարն այն «խայտառակ» է անվանել, նշելով, որ ՌԴ իշխանություններն անընդունելի են համարել այդ հաղորդման հեռարձակումը: «Դա երրորդ կողմի ցանկությունների արտահայտումն էր, որը դարձավ անիրականանալի, որովհետեւ հոկտեմբերի 24-ին 24-ին լրիվ այլ փաստաթուղթ ստորագրվեց»,- ընդգծել է Քոչարյանը:





























