Արգիշտի Կիվիրյանին եւ մյուս երեք ակտիվիստներին բերման են ենթարկել Սերժ Սարգսյանին դդում նվիրելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը, ով այս պահին մյուս ակտիվիստների հետ ոստիկանության Արաբկիրի բաժնում է: Նա խոսքով, այսօր Հալոուինի տոնն է եւ այդ տոնի կապակցությամբ մի դդում են տարել Բաղրամյան 26՝ նվիրելու Սերժ Սարգսյանին:
«Դդումը տվեցինք ոստիկաններին: Սրբորեն բռնել էին, ուրախացան, որ վերջը ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանին նվեր է տանում: Հուզվեցին, բայց դրանից հետո իջնում էինք դեպի Օպերա, երբ ապօրինի, առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, Գիտությունների ակադեմիայի մոտից մեզ բռնի կերպով, քաշքշելով 4-իս գցել են ոստիկանական ավտոմեքենայի հետեւը: Ավելին` ոստիկանը գիրկս էր նստած, այդ վիճակում բերել են: Կատարյալ «իզվռաշենեց» են դարձել: Պատկերացրեք ոստիկանը գալիս նստում է իմ գիրկը: Արդեն հասել ենք այդ օրին»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը եւ ավելացրեց, որ դեռ հայտնի չէ, թե որքան կմնան ոստիկանական բաժանմունքում:
Միայն ասել են, թե իրավունքն չունեին քայլել Բաղրամյան 26-ի դիմացով:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Երեւանի Բաղրամյան պողոտայից ոստիկանները բռնի ուժ գործադրելով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին, Անի Կաղինյանին, Լուսինե Հովսեփյանին եւ Նանե Մինասյանին: Ոստիկանները բռնություններ կիրառելով, ակտիվիստների շորերը պատռելով, ստիպողաբար նրանց նստեցրել են մեքենան ու տարել: Նրանց է միացել Արգիշտի Կիրվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:





























