Վիրավորական է, երբ ամեն անգամ մամուլը բարձրաձայնում է, որ Ռուսաստանում հայ են սպանել կամ ստորացրել, բայց Հայաստանի ԱԳՆ-ն մի գնահատական չի տալիս. այստեղ ամեն անգամ ասում ենք, թե դա մեր դեմ ուղղված չէ, ճշտեցինք. մեզ չի գոհացնում այս մոտեցումը, նոտայի տեսքով բողոք հայտնեք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ դիմելով ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին:

Անդրադառնալով ռուսական«Առաջին ալիքի» «Կիրակնօրյա ժամանակ» ծրագրում հնչած հայտնի ռեպորտաժին, Արզումանյանն ասաց. «ԱԳՆ-ն ես շատ սիրում եմ, աշխատել եմ այդտեղ, հատուկ մոտեցում ունեմ եւ չեմ ցանկանում, որ ԱԳՆ-ն դառնա Ռուսաստանի խոսնակը:

Դեպքը դեպքից հետո, նաեւ վարորդի պատմությունը, մենք թույլ ենք տալիս, որ ռուսական պաշտոնյան ասի, թե Հայաստանում պետք է ռուսերեն խոսել, ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու ու մենք որեւէ արձագանք չենք տալիս: Ադրբեջանի քաղաքացին օրը ցերեկով մարդուն սպանեց, ցույց տվեցին, Օղլին բլբուլ էր կտրել, բոլոր ալիքներով խոսում էր, ասում էր՝ նոտա կտանք, ռուսներին կվռնդենք: Մենք կարո՞ղ ենք արժանապատիվ կերպով դեսպանին կանչել, նոտա հղել, երբ դիվանագիտական ինչ-որ բանի խախտում է լինում: Մի քանի տասնյակ մլն մարդ տեսակետ է լսում՝ իմանալով, որ դա Կրեմլի կարծիքն է, իջեցված հրահանգ, իսկ Դուք ասում եք, որ ձեր խողովակներով ճշտել եք, որ ՌԴ իշխանությունները դա համարում են անընդունելի: Ինչո՞ւ դա հրապարակային չի արվում, դեսպանը չի կանչվում պարզաբանման համար: Ինչո՞ւ է ԱԳՆ-ն էդքան վախվորած է իր հարաբերություններում, չի կարելի, չի կարելի… մենք որեւէ մեկի ստրուկը չենք: Սա է մեր հիմնական պահանջը»:

Շավարշ Քոչարյանն էլ նշեց, որ հասարակական հնչեղություն ունեցող ցանկացած դեպքում՝ անհրաժեշտ քայլերը կատարվում են եւ պարտադիր չէ, որ դրանք լինեն հրապարակային, ինչին Արզումանյանն արձագանքեց, որ հրապարակային արված հայտարարությանը պետք է հրապարակային արձագանքել. «Պետք է ադեկվատ հարաբերություններ ունենալ, ինձ չի հետաքրքրում կուլիսներում դուք ի՞նչ եք խոսում»: