Նորվեգիայի «դանդաղ հեռուստատեսությունը» 9-ժամանոց շոու է թողարկել շյուղերով գործելու մասին՝ զբոսաշրջային այցերի ու ճանապարհորդությունների հաղորդումների փոխարեն:
Շոուի ընթացքում պատմում են գործելու մասին, հեռարձակվում են գործող կանանց մրցումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դանդաղ հեռուստատեսությունը» հայտնի էր դարձել 2009թ.՝ Բերգենից Օսլո ուղեւորության մասին 7-ժամանոց հաղորդումից հետո:
Նոր հաղորդման ստեղծողների նպատակը «Ոչխարից սվիտեր 12 ժամում» շոուի ռեկորդը գերազանցելն է եղել: Հաղորդման մասնակիցները պետք է հնարավորինս արագ մազազերծեին ոչխարին, թել պատրաստեին եւ սվիտեր գործեին: Ամենահաջող արդյունքը կազմել էր 4 ժամ 51 րոպե:
«Դանդաղ հեռուստատեսությունն» արդեն հաջողությամբ ցուցադրել է 24-ժամյա ձկնորսություն, 12 ժամանոց շոու հրդեհի մասին, իսկ ամռան հիթը նավակով զբոսանքն էր՝ 379 ժամ:





























