Վիլնյուսում «Արեւելյան համագործակցության» գագաթնաժողովի վերջնական հռչակագրի նախագծում Հայաստանը չի նշվում, սակայն դա չի նշանակում որ Եվրոպայի հետ կապերը չպետք է շարունակեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արտակարգ ու լիազոր դեսպան, «Diplomat.am» կայքի ղեկավար Արման Նավասարդյանը:

«Չեմ կարծում, որ մենք կարող են խզել կապերը Եվրոպայի հետ, սակայն այստեղ հստակ տեղի է ունենում  ընտրական կամ աստիճանական գործընթաց: Շատ դժվար է ասել, թե ինչպես այդ ամենը կզարգանա, քանի որ շատ բան նաեւ կախված է Մաքսային միության հետ մեր փոխգործակցությունից»,- նշել է Արման Նավասարդյանը:

Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլան Նազարբաեւի առաջարկին Թուրքիային ընդունել ՄՄ՝ նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը չի կարող Հայաստանի հանդեպ բացասական դիրքորոշում ունենալ, իսկ այդ ամենը, հավանաբար, քարոզչական բնույթ կրող քայլեր են: «Ռուսաստանն իր ուղին ունի, ինչ շարունակություն կունենա, դժվարանում եմ ասել: Մաքսային միությունն ինքնին խնդիրներ ունի, կան ներքին անհամաձայնություններ. Նազարբաեւը հենց այնպես չի հիշել ՄՄ Թուրքիային ընդունելու մասին, իսկ Լուկաշենկոն, իր հավակնություններով ու ծրագրերով հանդերձ, դժվար է ասել, թե որքանով կտեղավորվի ՄՄ-ում»,ճ եզրափակել է Արման Նավասարդյանը:

Նշենք, որ Վիլնյուսում Եվրամիության «Արեւելյան համագործակցության» գագաթնաժողովի վերջնական հռչակագրի նախագծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների բաժինը դատարկ է: Եվրոպացի դիվանագետները, սակայն, չեն բացառում, որ Եվրամիությունը կարող է Երեւանի հետ հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր կնքել:

Դրա փոխարեն հռչակագրի նախագծում ողջունում են Ադրբեջանի եվրաինտեգրացմանն ուղղված ջանքերը: Ավելին, Եվրամիությունը նշում է, որ պատրաստ է Բաքվի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի շուրջ բանակցություններ սկսել: