«Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից երեկ՝ նոյեմբերի 2-ի կեսգիշերի սահմաններում, փախուստի դիմած 4-րդ զինծառայողը եւս հայտնաբերվել է:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հայտնաբերված զինծառայողներին ներկայումս առանձնացրել են: Նա կարծիք է հայտնել, որ փախուստի դիմած զինծառայողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ նրանք հոգեբուժական բաժանմունքից են եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից եւ փախուստի դիմած 4 զինծառայողներից 3-ը հայտնաբերվել են, նրանք այժմ գտնվում են զինվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել էր, որ միջոցառումներ են ձեռնարկվում փախուստի դիմած մյուս զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ: Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ զինծառայողներին հայտնաբերելու գործում մեծ աջակցություն են ցուցաբերել նրանց ծնողները, որոնք անմիջապես արձագանքել են:

Մամուլի քարտուղարն ասել էր, որ միջադեպից որեւէ մանրամասն չի կարող հայտնել, կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ լրագրող Մհեր Ղալեչյանն ավելի վաղ Facebook-ի իր էջում գրել էր. ««Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:

Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի:

ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս»: