Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգի Նրլըջայի շրջանում թուրք սահմանապահները կալանավորել են մաքսանենգ ճանապարհով սիրիա անցնող 3 մեքենա, որոնց մեջ անծանոթ քիմիական նյութեր են հայտնաբերվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ սահմանային պարեկություն անող թուրք սահմանապահները նկատել են, որ 3 մեքենա փորձում են մաքսանենգ ճանապարհով անցնել Սիրիա եւ չեն ենթարկվել սահմանապահների «կանգ առ» հրահանգին եւ շարունակել են շարժվել դեպի սիրիական սահման։

«Սահմանապահները անցել են հաջորդ քայլին եւ կրակել են մեքենաների անվադողերի ուղղությամբ, որից հետո կալանավորված մեքենաներում հայտնաբերվել են 20 պարկ ծծումբ եւ զմռսված 8 տակառ, որոնց մեջ անհայտ քիմիական նյութ է եղել։ Այդ ամենը ուղարկվել է քիմիաբիոլոգիական եւ ռադիոակտիվ լաբորատոր ստուգման»,-նշվել է հայտարարության մեջ։