Հանրային հեռուստաընկերության եթեր հեռարձակվող «Մի րոպե, մի բան ասեմ» նախագծի շրջանակներում հաղորդման հեղինակ եւ վարող Նարեկ Դուրյանի վերջին հաղորդման թեման՝ հայաֆիկացման հարցը, բուռն եւ հակասական քննարկումների առիթ է դարձել։ Նարեկ Դուրյանը Մաշտոցի արձանի մոտ՝ Մատենադարանի դիմաց, հումորային անդրադարձ է կատարում միջազգային բառերը հայերեն թարգմանելու տենդենցին։ Հաղորդումից անմիջապես հետո քննադատություններ են հնչում ոչ միայն հաղորդման «հակահայկական» բնույթի, այլեւ դերասանի հասցեին։ Ի դեպ, հաղորդման տեսագրությունը քննադատության ալիք բարձրանալուց հետո համացանցից հեռացվել է։ NEWS.am-ի հետ զրույցում Նարեկ Դուրյանը մեկնաբանել է բարձրացված աղմուկը։
Պարոն Դուրյան, կմեկնաբանե՞ք Ձեր հասցեին հնչող քննադատությունները։
Ես դրանք չեմ կարդացել, չեմ էլ ուզում կարդամ: Ես ընդհանրապես ինտերնետ չեմ մտնում: Գիտեմ, որ բազմաթիվ առավելություններ ունի նույն «Ֆեյսբուքը», բայց միայն նրա համար որ այնտեղ ցանկացած մեկը կարող է իրեն թույլ տալ խոսել, ինչպես սեփական «ինտելեկտի» չափերն են թելադրում, եւ անպատիժ մնալ։ Դա արդեն պատճառ է, որ ես ինձ չներքաշեմ այդտեղ: Հայոց լեզուն ոչ ոք չի հայհոյում, եւ հարձակվողներից մեկը նույնիսկ ինքը խոստովանել է որ Տերյանն էլ, Րաֆֆին էլ նույն պոետիկայի մեջ են եղել:
Առհասարակ, այդ ծրագիրը շատ քննադատվեց, պարբերաբար բացասական կարծիքներ են հնչում այդ նախագծի վերաբերյալ:
Ես դրա պատճառը չեմ հասկանում, անկեղծ ասած: Երեւի մարդիկ ծանր են տանում, երբ ես կոչ եմ անում չթքել փողոցում կամ երեկոյան հագուստով մթերային խանութ չգնալ եւ այլն: Բայց սիրողներ էլ շատ կան:
Ես շարունակելու եմ այդ հաղորդումը: Թող ինձանից շատ հայասեր չլինեն քննադատողները: Ես ինքս 30 տարի ապրել եմ Ֆրանսիայում, եւ իմ հայերենը երբեւէ փոփոխության չենթարկվեց: Նմանօրինակ մանր–մունր հարցերով աշխատում եմ միտքս չծանրաբեռնել:
Առավել շատ քննադատություններ հատկապես վերջին հաղորդման առիթով են հնչել: Փաստորեն, դուք այդ քննադատույթունները բոլորովին տեղին չեք համարում:
Ոչ: Ես դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Ոնց կարող եմ ես աղավաղել հայոց լեզուն: Օրինակի համար, ասեմ` այդ քննադատողը գնում է շուկա եւ ասում՝ ինձ արքայախնձո՞ր տվեք, կամ տանը օրը մի քանի անգամ օգտագործում է, ասենք, հեռակառավարման վահանակ բա՞ռը: Պարզ չէ՞, որ բոլորն են ասում՝ անանաս, պուլտ եւ այլն: Իսկ այդ հաղորդման մեջ դոգմաներ չեն հնչում, դրանք ուղղակի իմ եւ ստեղծագործական թիմի կարծիքը կամ դիրքորոշումն են, ուզում եք՝ համաձայնեք, չեք ուզում, մի համաձայնեք: Չեմ էլ կարող ասել, որ դրանք պահպանողական տեսակետներ են: Դա նման է գրոտեսկի:
Եթե որոշել եք ակտիվ պայքար մղել հայոց լեզուն աղավաղողների դեմ, ապա խորհուրդ կտամ սկսեք պայքարել իսկապես օտարալեզու բառերի դեմ. ասում են՝ դարպասապահը սեյվ արեց գնդակը…. Քայլում եմ Տերյան փողոցով. նրանք երբեւէ ուշադրություն դարձրե՞լ են, որ հայերեն անունով գոնե մեկ խանութ չկա՝ գլխաչափ օտարալեզու անուններ, տակը չերեւացող փոքրության հայերեն անունն է գրված։ Դրա դեմ պայքարեք: Մի նորաբաց մանկական սրճարան ասեք, որ հայկական անուն ունի՝ կամ Supermen, կամ Disney, կամ էլ չասեմ էլ ինչ։ Անանաս բա՞ռն է մեր լեզուն փչացնում, էդ ի՞նչ մի բոլորդ խառնվեցիք իրար անանաս բառից:
Ուրեմն ինչպե՞ս եք մեկնաբանում այսքան սուր քննադատությունը։
Ես միայն մի կերպ կարող եմ մեկնաբանել նրանց հարձակումները. ուղղակի նրանք ինձ չեն ճանաչում: Թող ինձանից շատ հայասեր չլինեն քննադատողները: Ես երեք երեխա ունեմ, անունները` Օհան, Շուշան, Արմեն, եւ ոչ թե Քրիստինա, Պատրիկ, Դոմինիկ։ Ֆրանսիայում ես օրենսգրքով եմ գնացել քաղաքապետարան, որ երեխեքիս հայերեն անուններ դնեմ, որովհետեւ նման իրավունք չկար այդ թվերին: Եվ ես աղավաղում եմ հայոց լեզո՞ւն։ Իմ երեք երեխաները մեծացել են Փարիզում: Նրանք հրաշալի տիրապետում են հայերեն լեզվին, նույնիսկ ավելի, քան այստեղ ծնված-մեծացածներից շատերը։ Վերջապես ես երբեք այս մասին չեմ բարձրաձայնել. Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկու անգամ ինքնաթիռով անհրաժեշտ պարագաներ եմ տեղափոխել Ֆրանսիայից Հայաստան: Եվ ինձ հիմա մեղադրում են հանրային հեռուստաընկերությամբ հայոց լեզուն աղավաղելու մե՞ջ:
Ինձ բոլորովին չի անհանգստացնում, որ կարող են քնադատել իմ այս կամ այն արարքը, բայց սեւացնել իմ անձը թող հանկարծ չփորձեն։ Ես դա թույլ չեմ տալիս: Եվ արդարանալու ոչ մի պատճառ չունեմ: Ես հայի կյանքով եմ ապրել միշտ, հայի կեցվածք ունեմ, որ ժառանգել եմ ղարսեցի պապիցս ու տատիցս:
Զրուցեց Նվարդ Մանվելյանը




























