Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւ Ամերիկյան հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանն, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ստորագրել են համաձայնագիր «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագիրը շարունակելու նպատակով: ԵԱԱ-ի նախկին շահառուները նույնպես ներկա են եղել ստորագրման արարողությանը եւ մասնակիցների հետ կիսել իրենց փորձը եւ նախաձեռնության հետագա ընդլայնման վերաբերյալ իրենց գաղափարները:

ԵԱԱ-ն վճարովի պրակտիկայի ծրագիր է, որը երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում եւ ձեռք բերելու արժեքավոր աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որը կնպաստի նրանց մրցունակությանն աշխատաշուկայում: Այն կրթություն ստացած, սակայն գործազուրկ հանդիսացող երիտասարդներին (նորավարտ) ապահովում է առաջին վճարովի մասնագիտական աշխատանքային փորձով՝ հետագա զբաղվածությանը նրանց լավագույնս նախապատրաստելու համար:

Ենթադրվում է, որ մոտ 60 պրակտիկանտներ՝ 19- 25 տարեկան (ներառյալ), որոնք ունեն առնվազն բակալավրի աստիճան եւ լավ ակադեմիական առաջադիմություն, կներգրավվեն վեցամսյա պրակտիկայի ծրագրում հաջորդ տարվա ընթացքում:

«2012թ.-ից մենք ունենք հաջող համագործակցության պատմություն ԱՀԱԸ-ի հետ, քանի որ կարողացանք աջակցել գործազուրկ երիտասարդությանն աշխատանք փնտրելու շրջանում՝ տրամադրելով անմիջական զբաղվածության հնարավորություն պրակտիկայի միջոցով: Այս ծրագիրը դոնորների, պետական եւ մասնավոր հատվածների միջեւ համագործակցության հիանալի օրինակ է, որն ունի հետագա զարգացման եւ ընդլայնման լայն ներուժ՝ հանուն  հայ երիտասարդության», - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

Ամերիկյան հայ ավետարանչական ընկերակցությունը համաֆինանսավորում է ԵԱԱ-ին, քանի որ վստահ է, որ Հայաստանում երիտասարդության զբաղվածությունը հանդիսանում է զարգացման հիմնական առաջնայնություններից եւ կարող է մեծապես նպաստել տնտեսական աճին եւ լուծել զբաղվածության որոշ մարտահրավերներ, որոնց բախվում են երիտասարդները մեր երկրում: ԱՀԱԸ-ն ոչ առեւտրային կազմակերպություն է, որն աջակցում է կարիքավոր մարդկանց 24 երկրներում: Այն հիմնադրվել է 1918 թվականին ԱՄՆ-ում:

«ԱՀԱԸ-ն սկսել է իր գործունեությունը Հայաստանում` իրականացնելով հումանիտար եւ բժշկական ծրագրեր: Սա անհրաժեշտ էր 1990-ականների սկզբի «մութ տարիներին», երբ Հայաստանը գտնվում էր  տնտեսական ծանր պայմաններում եւ առաջին անհրաժեշտության ապրանքների սղություն կար: Վերջին տարիներին զանազան կրթական եւ զարգացման ծրագրերի միջոցով ԱՀԱԸ-ն իր ուժերը կենտրոնացրեց մարդկանց կենսամակարդակի եւ ինքնաապահովման վրա՝ երաշխավորելով նրանց համար արժանապատիվ կյանք: ԵԱԱ-ն այս ռազմավարության կարեւորագույն բաղադրիչն է: Մենք մեծապես արժեւորում ենք մեր գործընկերությունը ՄԱԶԾ-ի հետ», - ասաց ԱՀԱԸ-ի հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը:

2007-2013 թվականներին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն իրականացրել է ԵԱԱ ծրագրի չորս փուլ, ինչի արդյունքում այն մեծ ճանաչում եւ պահանջարկ է ձեռք բերել ինչպես բուհերի շրջանավարտների, այնպես էլ գործատուների շրջանում: Ընդհանուր առմամբ, 180 նորավարտ երիտասարդներ ԵԱԱ պրակտիկա են անցել Երեւանում եւ Հայաստանի վեց մարզերում, եւ պրակտիկանտների մոտ հիսուն տոկոսին ծրագրի ավարտից հետո մշտական աշխատանք է առաջարկվել գործատու կազմակերպությունների կողմից: