Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ նոյեմբերի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անիբալ Կաբրալը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո, հայ-ուրուգվայական հարաբերությունները զարգացել են կայուն բարեկամական ոգով, ինչը դրսեւորվում է տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ եւ միմյանց խնդիրների հանդեպ առանձնակի վերաբերմունքով: Ընդգծելով, որ Ուրուգվայը Հայաստանի համար բարեկամ երկիր է, նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, որ դեռեւս 1965թ. աշխարհում առաջինը Ուրուգվայը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով կանգնելով արդարության պաշտպանի դիրքերում եւ շահելով ոչ միայն համայն հայության, այլեւ ողջ առաջադեմ մարդկության անմնացորդ համակրանքն ու հարգանքը:
Դեսպան Անիբալ Կաբրալը նշել է, որ Ուրուգվայը մեծագույն հարգանք է տածում Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ եւ փոխադարձաբար շահագրգիռ է տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, երկկողմ հարաբերություններն ավելի սերտացնելու գործում:





























