Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի փոփոխությունը ԲԱՄՕ-ը ընկերության հետ կապ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲԱՄՕ-ի Բորիս Մուրադյանը: «Կարող եք ֆեդերացիայից էլ ճշտել, որ դրա հետ չէ կապված»,- նշեց գործարարը: Դիտարկմանը, թե ընկերությունը ֆինանսական խնդիրներ չունի, նա նշեց. «Առանց մեկնաբանությունների: Ինչի՞ մասին է խոսքը»:
Իսկ Արման Մուրադյանի մամուլի քարտուղար Զառա Օհանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արման Մուրադյանը 2002թ-ից այլեւս չի հանդիսանում ԲԱՄՕ ընկերության բաժնետեր: «Արման Մուրադյանին պատկանում է Մոսկվայում գործող «Մուրադին» շինարարական ընկերությունը: Նրանց կապը այնքանով է, որ ԲԱՄՕ-ի սեփականատերերը Արման Մուրադյանի հորեղբայրներն են»,- ասաց մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը մինչեւ այսօր իրականացնում է «Մուրադին» ընկերության ֆինանսական միջոցներով: « Պետությունը 5 տարվա ընթացքում մոտ 550 միլիոն է ֆինանսավորել, իսկ երկու անգամ ավել ֆինանսավորում հատկացրել է Արման Մուրադյանի ընկերությունը»,-նշեց նա:
Անդրադառնալով ֆեդերացիայի նախագահի փոփոխությանը, Զառա Օհանյանն ասաց. «Փոփոխությունը պայմանավորված էր Արման Մուրադյանի որոշումով: Մինչեւ ընտրությունները նշանակելը Արման Մուրադյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին: «Մուրադին»-ի շինարարական կազմակերպության պատվերները շատացել են եւ Արման Մուրադյանը ֆիզիկապես չի հասցնում լինի եւ այնտեղ եւ, որակով ֆեդերացիայի աշխատանքները կատարել: Դրանից հնարավոր է տուժեր ֆեդերացիայի աշխատանքները դրա համար որոշեց իր թեկնածությունը չառաջադրել: Բայց դա չի նշանակում, որ նա հրաժարվում է ընդհանրապես առնչություն ունենալ ֆեդերացիայի հետ: Հետագայում, եթե իր աջակցության անհրաժեշտությունը լինի նա պատրաստ է եւ գործով եւ ֆինանսով աջակցել»,- ասաց Զառա Օհանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը, ով 2008թ պաշտոնավարում է, փոխվելու է։ Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ նրա փոփոխության պատճառները մի քանիսն է։ Ինչպես հայտնի է, նրա հայրը «ԲԱՄՕ»-ի սեփականատերն է, իսկ «ԲԱՄՕ»-ն վերջին տարիների ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:
Պատճառներից է նաեւ այն, որ մի քանի օր առաջ ավարտված բռնցքամարտի աշխարհի առաջնությունից հայ մարզիկները վատ արդյունքներով են վերադարձել:
Մյուս պատճառն էլ այն է, որ Արման Մուրադյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, եւ նա այլեւս ցանկություն ու ժամանակ չունի ֆեդերացիայով զբաղվելու:
Ի դեպ, ֆեդերացիան նախորդ շաբաթ գործադիր մարմնի նիստ է ունեցել, օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ֆեդերացիայի նախագահի փոփոխության հարցը եւ նախագահի ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 20-ին:




























