«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նոյեմբերի 25-ին` ժամը 13:00-ին կազմակերպում է քայլերթ` ազդարարելով Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարության մեջ ասվում է. «Քարոզարշավն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, կանանց իրավունքները բարձրաձայնելուն եւ նրանց ձայնը լսելի դարձնելուն:
Երթը կսկսվի Տերյան փողոցի` Ուսանողական այգուն հարող հատվածից, Հայաստանի ագրարային համալսարանի կողքից:
Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը սկսվում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը եւ ավարտվում դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը: Այս 16-օրյակը ներառում է նաեւ այլ կարեւոր օրեր. նոյեմբերի 29՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, դեկտեմբերի 1՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, դեկտեմբեր 6՝ Մոնթրեալի կոտորածի օր:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բռնությունը չհանդուրժող բոլոր անձանց միանալու քայլերթին:
Միասին կարող ենք կանխել բռնությունը»:




























