Բելգիական La Derniere Heure թերթի խմբագրությունը նամակ է ստացել, որում  Բելգիայի թագավորի ավագ դստեր հասցեին սպառնալիքներ են գրված:

Բելգիայի Ֆիլիպ թագավորին հասցեագրված «ռասիստական եւ նեոնացիստական» նամակում նրա դստերը՝ գահի ժառանգորդ արքայադուստր Էլիզաբեթին առեւանգելու սպառնալիք  է պարունակվում:

Խմբագրությունը հայտնում է, որ նամակի մի մասը գերմաներեն է, մյուսը՝ ֆրանսերեն: Բացի այդ, վերնագրի փոխարեն հեղինակը «գազանի թիվն» է օգտագործել՝  666, նաեւ՝ գույներով ու ձեւով նացիստական դրոշ հիշեցնող խորհրդանիշ:

Նամակագիրն այդպես ցանկացել է երկրի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել:

Նամակում ատելությամբ է խոսվում մահմեդական երկրներից եկածների նկատմամբ, որոնց հեղինակը համարում է երկրի  տնտեսական դժվարին կացության պատճառը:

Ըստ նրա՝ բոլոր արտասահմանցիները, հատկապես մահմեդականները, մեղավոր են Բելգիայի տնտեսական խնդիրների համար, որն ամեն օր եկվորների պատճառով  կորցնում է 30 միլիարդ եվրո:

Ոստիկանությունն ուժեղացրել է Էլիզաբեթի եւ թագավորական ամբողջ ընտանիքի պաշտպանությունը: Դպրոցը, որտեղ սովորում է 12-ամյա Էլիզաբեթը, գտնվում է անվտանգության գործակալների եւ ոստիկանության հսկողության տակ: