ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան բավականին դրական է գնահատում:  Այս մասին հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ այցը աննախադեպ էր իր արդյունքներով, եւ բոլոր այն սկեպտիկները, ովքեր կասկածանքով էին մոտենում, որ այդ այցով շոշափելի լուրջ առաջընթաց կնկատվի նաեւ Հայաստանի հասարակ քաղաքացու կյանքում, սխալվեցին: Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ՝  Հայաստանի հասարակ քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ այցի դրական արդյունքները:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ նախ եւ առաջ եւս մեկ անգամ վերահաստատվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը: «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության խնդիրը գլխավորն է, եւ առանց անվտանգության ու խաղաղության երաշխիքի դժվար թե կարողանանք խոսել սոցիալական, տնտեսական բարեփոխումներից, ժողովրդական զարգացումներց, եւ մեր դաշնակից երկրի նախագահի այցը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակվեն, դա հավելյալ երաշխիք է անվտանգության համար»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահը կարեւորեց Ռուսաստանի նախագահի հայտարարությունը՝  ԼՂՀ-ի հարցում բացառապես քաղաքական եւ խաղաղ լուծում տեսնելու մասով:

Գազի սակագնի փոփխության վերաբերյալ էր Էդուարդ Շարմազանովը նշեց, որ եթե այսօր այն 270 դոլար է, ապա կլինի 189 դոլար, ինչը շոշափելի դրական տեղաշարժ է մեր հասարակ քաղաքացու կանքում: Առաջընթաց է նաեւ առանց 30 տոկոս մաքսատուրքի նավթամթերք գնելու հնարավորությունը:

«Պարոն նախագահը շատ ճիշտ նշեց, որ այս այցը նոր էջ է խորհրդանշում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում: Հիմա սա լա՞վ է, թե վատ հասարակ քաղաքացու համար, հարցնում եմ  սկեպտիկներին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հայտարարությանը, թե իրենք չեն հեռանալու Կովկասից, ավելին՝ ավելի են ամրապնդվելու այստեղ, ապա ՀՀԿ խոսնակը կարծում է, որ  դա շատ բնական է: «Յուրաքանչյուր մեծ երկիր ունի իր աշխարհաքաղաքական շահերը, ավելին դա դրական հայտարարություն է  Հայաստանի համար: Ես ցավում եմ, որ որոշ «վերլուծաբաններ» եւ մարգինալ, լուսանցքում հայտնված քաղաքական գործիչներ Պուտինի այդ հայտարարությունը փորձում են այլ կերպ մեկնաբանել: Երբ որ մեր դաշնակից երկրի ղեկավարն ասում է, որ չեն գնալու Հարավային Կովկասից, դա նշանակում է, որ ռուսական ռազմաբազան մնալու է Հայաստանում, որ ՀՀ-ը ՌԴ-ի ներքին գներով իրավունք ունի ռազմատեխնիկա գնել հենց Ռուսաստանից, Հայաստանը ուժեղացնելու է իր մասնակցությունը ՀԱՊԿ եւ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունում»:

Նա նաեւ շեշտեց, որ ցավում է, որ ՀՀ-ում կան մարդիկ, քաղաքական գործիչներ, ովքեր նույնիսկ ՀՀ պետական շահերից բխող հայտարարությունը փորձում են ձեւափոխել ու ներկայացնել այլ կերպ: