Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման առաջարկը դեռեւս բանակցությունների սեղանին է: Այս մասին դեկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության նախագահ Տրայան Հրիսթեան:

Խոսելով Կիեւի վերջին դեպքերի մասին՝ ԵՄ դեսպանը հիշեցրել է, որ Շտեֆան Ֆյուլեն եւ Քեթրին Էշթոնը հայտարարությամբ են հանդես եկել՝ դատապարտելով ցուցարարների հանդեպ ավելորդ ուժի կիրառումը, կոչ են արել հետաքննություն անցկացնել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:  «Ցանկացած դեպքում պաշտոնատար անձինք բոլորին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել եւ հարգել քաղաքացիական իրավունքները» -  հավելել է նա:

ԵՄ-ի հարաբերությունները Արեւելյան գործընկերության անդամ-երկրների հետ հիմնվում են ընդհանուր արժեքների, այլ ոչ թե աշխարհաքաղաքական ըմբռնումների վրա:

Մեկնաբանելով այն հարցը, թե ԵՄ-ն բավարար չափով խոստումներ չի տվել երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային, Հրիսթեան ընդգծել է, որ փոփոխությունները միշտ էլ համարձակ քայլեր են պահանջում: Ըստ նրա՝ ինտեգրվելու դեպքում արվող ներդրումը ոչ թե վճար է, այլ՝ ներդրում:   «Տնտեսությանը ներդրումներ են անհրաժեշտ: Այդ ներդրումները իրենցից ներկայացնում են եկամուտ, աճ եւ աշխատատեղերի ստեղծում, անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում այդ բիզնեսը», - ընդգծել է նա: