Դժվար թե ինչ-որ մեկը ռուսաստանյան գազի սակագնի նվազումը վատ բան համարի Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան:
«Երեկ տեղի ունեցավ ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահի պետական այցը Հայաստան, որն աննախադեպ էր իր արդյունքներով եւ նոր էջ բացեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում»,- հայտարարել է Շարմազանովը՝ հավելելով, թե իրենց ընդդիմախոսները պարբերաբար փորձում էին կասկածի ենթարկել որեւէ լուրջ դրական փոփոխության հնարավորությունը Հայաստանի շարքային քաղաքացու կյանքում:
«Զերծ մնալով քաղաքական պոպուլիզմից` խոսեմ փաստերով: Դատեք ինքներդ: Նախ, հարկ է նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարեւորագույն փաստաթուղթ, ամրապնդվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը, ինչն ինքնին հավելյալ երաշխիք է մեր անվտանգության եւ խաղաղության համար:
Սա լա՞վ է, թե՞ վատ:
Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց նախկին 270 դոլարի փոխարեն սահմանելով 189 դոլար:
Սա դրակա՞ն է, թե՞ ոչ մեր քաղաքացիների համար:
Նավթի եւ նավթամթերքի համար Ռուսատանը հանում է օրենքով նախատեսված արտահանման 30 տոկոս մաքսատուրքը՝ սոցիալ-տնտեսական զարգացման աննախադեպ հնարավորություններ ստեղծելով:
Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ:
Լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը ռուսական զենք եւ զինամթերք կգնի ներռուսաստանյան գներով:
Սա դրակա՞ն է , թե՞ ոչ:
Եզրակացությունը մեկն է: Անհերքելի է, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա ուղղակիորեն կզգա այս պետական այցի դրական փոփոխությունները: Իսկ այն, որ մի քանի ընդդիմադիր գործիչներ դրանից կարող են տխրել, մեզ համար էական չէ»,- ասել է Շարմազանովը:





























