51-ամյա մի կին նոյեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ոմն Վահրամ իրենց անասնագոմից  գողացել է 2 ցլիկ, բջջային հեռախոս եւ որդու անվամբ հաշվառված 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի գազային ատրճանակ` պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արաբկիրի բաժնի  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վահրամը 1988 թ. ծնված  Վահրամ Ա.-ն է, որը դեկտեմբերի 3-ին, ժամը 00.30-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում  գտնվող մի սրճարանից բերման է ենթարկվել բաժին: Նա բացատրություն տվել, որ ինքը գողացել է ոչ թե 2, այլ 1 ցլիկ, որը մորթել եւ իրացրել է, բջջային հեռախոսը դեն է նետել, իսկ գազային ատրճանակը եւ մոտը եղած դանակը իրեն բերման ենթարկելու ժամանակ գաղտնի փոխանցել է իր սեղանը սպասարկող մատուցողուհուն:

Նույն օրը Թումանյան փողոցում ծառայություն կատարող  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել   նշված սրճարանի բարմեն, 1970 թ. ծնված  Լեւոն Մ.-ն եւ հայտնել, որ քիչ առաջ սրճարանից բաժին բերման ենթարկված անհայտ քաղաքացին սրճարանի մատուցողուհուն գաղտնի փոխանցել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի  գազային ատրճանակ` 3 փամփուշտով, եւ ծալովի դանակ, որոնք նա ներկայացրել է բաժին:

Նախաքննությունը շարունակվում է: