Ակտիվիստ Գոռ Առաքելյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանում գտնվող նրա տան մերձակայքում, ծեծի է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա ընկերներից Սուրեն Սահակյանը:  

Նա նշեց, որ 4 հոգի քաղաքացիական հագուստով են եղել, որոնք անմիջապես հրահրել են կոնֆլիկտը, երկու եւ ավելի անձինք՝ ոստիկանական համազգեստով: «Ծեծելուց առաջ հայհոյել են, շուռ է եկել, որ տեսնի՝ ով է, ասել են՝ ինչ ես նայում ու էլի հայհոյել: 5 րոպե ծեծել են, վնասվածքներ ունի գլխի, աչքի, ականջի շրջանում, ականջից արյուն է եկել, հիմա լավ չի լսում»,- ասաց Սուրեն Սահակյանը:

Նա նշեց, որ Գոռ Առաքելյանը հիվանդանոց չի դիմել, չի դիմել նաեւ ոստիկանություն՝ պայմանավորված իրավապահ համակարգի նկատմամբ առկա անվստահությամբ, թեեւ չի բացառվում, որ շոկային վիճակից դուրս գալուց հետո դիմի:

Փորձեցինք անձամբ կապ հաստատել Գոռ Առաքելյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ իր ինքնազգացողություն ու ծանրաբեռնվածությունս թույլ չի տալիս խոսել, խոստացավ ավելի ուշ կապ հաստատել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am