Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մեկնել է Չինաստան՝ ներդրումների վերաբերյալ բանակցություններ վարելու: Միլիարդների վարկը կարող է խթան հանդիսանալ ուկրաինական թառամած տնտեսության համար:

Չնայած երկրի ներքաղաքական բարդ իրավիճակին, Յանուկովիչը որոշել է այցը չհետաձգել, ինչը, ըստ վերլուծաբանների, վկայում է երկրի տնտեսական խնդիրների լրջության մասին:

Ուկրաինայի տնտեսության վրա բացասաբար են անդրադառնում Ուկրաինայից արտահանվող հիմնական արտադրանքի՝ պողպատի համաշխարհային ցածր գները, ինչպես նաեւ Ռուսաստանին վճարվող գազի բարձր սակագինը:

Բացի այդ, երկու երկրների միջեւ առեւտուրը կտրուկ կրճատվել է Ռուսաստանի ճնշումների հետեւանքով, որոնց նպատակն Ուկրաինային ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետ պահելն էր:

Բացի դրանից՝ կառավարության աշխատանքի ապակայունացումը բարձրացնում է տեխնիկական կամ վարչական դեֆոլտի վտանգը: Ի հավելումն այդ ամենի՝ Ուկրաինայի կառավարությունն իր վատ կառավարմամբ, ներդրումային միջավայրը բարելավելու ցանկության բացակայությամբ եւ կոռուպցիայի բարձր մակարդակով միայն ավելի է խորացրել խնդիրները, գրում է The Financial Times-ը:

Ուկրաինան պետք է 15 միլիարդ դոլար պարտք վճարի առաջիկա երկու տարում, եւ Կիեւն ստիպված է եղել դիմել իր արտարժույթային պահուստներին՝ արտաքին պարտքերը մարելու համար:   Այդ պատճառով էլ երկրի պահուստների մակարդակը նոյեմբերին 20,6 միլիարդ դոլարից նվազել է մինչեւ 19 միլիարդ դոլար, հաղորդում է NEWSru.com-ը:

Ներկայումս Ուկրաինայի հիմնական պարտատերերն են ԱՄՀ-ն եւ Ռուսաստանը: Կիեւն արդեն որոշ ժամանակ է բանակցություններ է վարում ԱՄՀ-ի հետ, սակայն հիմնադրամը որպես պայման առաջարկել է փոխարժեքի ձեւավորման մեխանիզմի ազատականացում եւ ներքին շուկայում գազի գների բարձրացում: 

Չինական ներդրումների ծավալը կարող է գերազանցել  10 միլիարդ դոլարը, որոնցից 5 միլիարդ դոլարը Կիեւը կվերադարձնի ցորենի տեսքով՝ 5-7 տարվա ընթացքում: Բացի դրանից, չինացիներն ամռանը հայտնել էին, որ պատրաստ են 50 տարով վարձակալել 3 միլիոն հա տարածք՝ Դնեպրոպետրովսկի, Խերսոնի մարզերում եւ Ղրիմում, եւ ներդնել մինչեւ 3 միլիարդ դոլար:

Չինաստան այցից հետո՝ Յանուկովիչը պետք է այցելի Ռուսաստան, որտեղ նույնպես կարող են համաձայնագրեր կնքվել՝ խոշոր վարկերի եւ գազի զեղչերի վերաբերյալ: