Եթե Ռուսաստանը կարողանա Ուկրաինայում ռեժիմ հաստատել, որը նման լինի բելառուսականին, ապա դա ոչ միայն կխոչընդոտի այդ երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, այլեւ պայմաններ կստեղծի, որպեսզի Եվրոպայի վրա կրկին երկաթե վարագույր իջնի ու աշխարհը վերադառնա սառը պատերազմի ժամանակներին: Այս մասին ասվում է NEWS.am-ում ստացված «Հակախորհրդային ու հակակոմունիստական շարժումների» ներկայացուցիչների հայտարարությունում: Նրանց մի մասը նախկին քաղբանտարկյալներ են: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում Եվրոմայդանի ցուցարարներին:

 «Ցանկանում ենք ընդգծել, որ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներում պարզորոշ երեւում է Ռուսաստանի ղեկավարության նկրտումները՝ վերականգնելու կայսրությունը նախկին հետխորհրդային տարածքներում՝ օգտագործելով ցանկացած քաղաքական, տնտեսական ու ռազմասադրիչ մեթոդներ»,-ասվում է հաղորդագրությունում:

«Կրեմլը պետք է տեսնի, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կանգնած է ցուցարարների կողքին ու որ արեւելյան ուղղությամբ ժողովրդավարության զարգացմանը այլընտրանք չկա»,-ասվում է եզրակացությունում:

Հայտարարության տակ ստորագրել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Վարդան Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Ազատ Արշակյանը եւ այլ օտարազգիներ: