Միջազգային ինտելեկտուալ «Ի՞նչ, Ե՞րբ, Որտե՞ղ» խաղը բարձր վարկանիշ ունի, Հայաստանում այդ խաղին սատարում է դպրոցում ու երիտասարդության շրջանում ինտելեկտուալ շարժումը եւ անցկացվում է նախարարությունների աշխատակիցների միջեւ: Հաղթողները մասնակցում են այդ խաղի բարձրագույն լիգային, որտեղ խաղի միջազգային լեզուն ռուսերենն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարել է կառավարութան վարչակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ալիկ Արզումանյանի այն հարցին, թե ինչու է «Ի՞նչ, Ե՞րբ, Որտե՞ղ» հաղորդումն անցկացվում ռուսերենով:
Արզումանյանի խոսքով՝ եթե հետեւենք այդ տրամաբանությանը, ապա մյուս ծրագրերը, որոնք հեռարձակվում են հայկական հեռուստաալիքներով՝ լիցենզավորված հիմքով, ու ունեն բրիտանական կամ այլ ծագում, ապա ինչու են դրանք ներկայացվում հայերենով, այլ ոչ թե անգելերենով: Արզումանյանը նշել է նաեւ, որ հարեւան Վրաստանում ինտելեկտուալ այդ խաղը հեռարձակվում է վրացերենով:
Գաբրիելյանը եւս նշել է, որ խաղի միայն մի մասն է ռուսերենով անցկացվում, մինչդեռ խաղի մեծ մասն անցկացվում է հայերենով. «Լեզվի մասին օրենքի որեւէ խախտում չկա եւ այդ հաղորդումը պետական լեզվի մասին օրենքին չի հակասում: Բացի այդ, օրենքով նախատեսվում է, որ ազգային փոքրամասնությունների համար կարող են այդ լեզվով հաղորդումներ հեռարձակվել»:
Արզումանյանը նշել է, որ այդ տրամաբանության համաձայն՝ Հայաստանում բնակվում են այլ ազգային փոքրամասնություններ եւս՝ եզդիներ, հրեաներ եւ այլն, այդ դեպքում ինչո՞ւ նրանց մայրենի լեզվով հաղորդումներ չկան: «Նույն հաջողությամբ, ՈւԵՖԱ-ի պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, դա նշանակում է, որ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլիստների հետ շփվում է այդ լեզվո՞վ»:
Իր հերթին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ասվածի համատեքստում, «Ի՞նչ, Ե՞րբ, Որտե՞ղ» խաղացող կառավարության անդամներին խորհուրդ է տվել թիմ ձեւավորել ու ՈւՀԱ խաղալ:





























