Կուբայի մայրաքաղաքում տեւական տեղատարափ անձրեւները  26 շինությունների հիմնահատակ ավերման պատճառ են դարձել, եւս 200 օբյեկտների տարբեր աստիճանի վնաս է հասցվել, հայտնում է «Գրանմա» թերթը:

Ընդ որում, դեկտեմբերի 1-ին, երբ Հավանայում եղանակը կարգավորվել էր, հայտնի էր եղել ընդամենը ութ փլուզված, 49 վնասված շենքերի եւ փլատակների տակ երկու զոհվածների մասին:

Ըստ օդերեւութաբանների՝ երկու օրվա ընթացքում տեղումների ծավալը ռեկորդային է եղել, ամենաշատը տուժել են առափնյա շրջանները: Իշխանությունները տարհանել են 2,2 հազարից ավելի մարդու: Նրանցից մոտ 800-ը պետական կացարաններ են տեղափոխվել, մոտ 1,4 հազարն ապաստանել են ծանոթների ու հարազատների տանը,  փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ամենաշատն ավերվել է քաղաքի կենտրոնական եւ պատմական հատվածը, որտեղ բնակֆոնդի զգալի մասը վթարային է:  Իշխանությունները շենքերի վերանորոգման համար միջոցներ չունեն, եւ քաղաքի բնակիչները ստիպված տասնամյակներ ի վեր ապրում են անհարմարավետ պայմաններում: