1920 թվականին ռուսական բանակը մտավ Հայաստան եւ Հայաստանը զրկվեց ազատ կամքի իրավունքից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ Հայաստանը միշտ կաշկանդված է պատերազմի վերսկսումով:
Նա կարծում է, որ դա կվերանա այն ժամանակ, երբ Ռուսաստանը հայտարարի, որ ինքն օկուպացրել է Հայաստանը եւ վերացնի օկուպացիայի պատմական հետեւանքները: «Ես օրինակ հեղինակություն եմ համարում Տիգրան Սարգսյանին որպես տնտեսագետ, որպես դիվանագետ հեղինակություն եմ համարում Շավարշ Քոչարյանին, ովքեր ամիսներ առաջ բացառում էին Հայաստանի միացումը Մաքսային միությանը: Նրանք ասում էին, որ, եթե մեր պետությունը արեւամտամետ չլինի «եւ, եւ» է լինելու, բայց ինչպես եղավ, որ մի ակնթարթում դարձանք Մաքսային միության անդամ: Ինչպես շուռ եկան»,- ասաց Ազատ Արշակյանը:
Նա մեջբերեց Նապոլեոնի խոսքը, որ «աշխարհագրությունը ճակատագիր է» եւ նշեց, որ Ռուսաստանը Հայաստանը, Ուկրաինան եւ Վրաստանը դատապարտված են դաշնակիցներ լինել:
Ազատ Արշակյանը միաժամանակ կարծիք հայտնեց, որ քաղաքական էլիտան պայքարի ձեւեր կմշակի, նաեւ Ռուսաստանում միտինգներ կսկսեն՝ կոչ անելով, թե հերիք է կերակրենք հայերին: «Այսինքն հասնենք նրան, որ ռուսները խնդրեն դուրս գալ Մաքսային միությունից»,- ավելացրեց Ազատ Արշակյանը:





























