ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարները  ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հայտարությամբ են հանդես եկել՝ Կիեւում տեղի ունեցած հանդիպման արդյունքում:

Ինչպես նշվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրությունում, ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Կիեւում անցկացվող նիստի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Թիերի Ռեպանտենը, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը), Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են արդեն ձեռք բերվածի հիման վրա շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի եւ խաղաղ կարգավորմանը:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, վերջերս, բարձր մակարդակով երկխոսության վերսկսումը եւ հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորման գործընթացին: Նրանք կոչ են արել կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են հանդիպել 2014 թվականի սկզբին` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` նախապատրաստելու համար բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները:

Նախարարները նշել են, որ տարածաշրջանի բնակչությունը ակնկալում է եւ արժանի է առաջընթացի չափազանց ձգձգված հակամարտության կարգավորման գործընթացում: Նախարարները բարձր են գնահատել համանախագահող երկրների միջնորդական դերակատարությունը: