Հայաստանի ԱԺ-ն չի պաշտպանել ՀԱԿ խմբակցության՝ կառավարությանը հասցեագրված «Տարածված եւ համակարգվող կոռուպցիա» անվանումով նախաձեռնությունը: Սակայն նախքան քվեարկությունը խորհրդարանում լուրջ կրքեր էին բորբոքվել:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսել է ընդհատել փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքը, որը փորձում էր պատգամավորներին տեղեկացնել, թե ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը: «Քաղաքական մեծամասնության հարգելի մի մաս, կոռուպցիան խնդիր է, բայց հիշեցնեմ, որ Վերահսկիչ պալատի բացահայտած եւ ներկայացրած բոլոր փաստերը խորհրդարանն ուղարկել է գլխավոր դատախազություն»:
Փաշինյանի ռեպլիկները հունից հանել են Շարմազանովին, եւ անգամ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հանդարտվելու կոչերը չեն ազդել: «Էդիկ, հանգստացի, վայ», - հասցրել է ասել Նաղդալյանը՝ մինչեւ մի քանի վայրկյանով բարձրախոսներն անջատելը: Միաժամանակ, Շարմազանովը, տեսնելով, որ իր կոչերը չեն հանդարտեցնում Փաշինյանին, սկսել է նրան մատ թափ տալով սպառնալ:
Երբ կրքերը հանդարտվել են, խորհրդարանը քվեարկել է. 62 պատգամավոր դեմ է քվեարկել, 10-ը՝ կողմ:
ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը: Նաիրա Զոհրաբյանը բացատրել է, որ խմբակցությունը չի մասնակցել, քանի որ օրինագծի որոշ դրույթներ անընդունելի էին իրենց համար, սակայն նրանք ՀԱԿ-ի անդամների հետ քննարկել են դա, որպեսզի հետագայում համատեղ օրինագիծ մշակեն:




























