Հայաստանի համար ամենաճակատագրական պահերին ֆրանսիացի ժողովուրդը միշտ եղել է հայերի կողքին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեի եւ Գի Տեսիեի, բարեկամության խմբի վարչական քարտուղար Ժան-Պիեռ Դելանոայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը:
Շարմազանովը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների վաստակը միջխորհրդարանական կապերի ամրապնդման, օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը դատապարտելու, թուրքական ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու, համամարդկային արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած վճռականության համար: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել նաեւ Ֆրանսիայի իշխանություններին Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար՝ հավաստիացնելով, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը եղել եւ մնում են բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցներ:
Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն հավաստել է, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հավատարմության ու շարունակականության ոգով են ընթանում, եւ դա է փաստում այն հանգամանքը, որ Ֆրանսիայում իշխանության փոփոխությունները երբեք չեն անդրադառնում երկու բարեկամ երկրների կայուն հարաբերությունների վրա:
Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման ու զարգացման խնդիրը, քննարկվեցին նաեւ Ֆրանսիայում հայկական սփյուռքի գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, Հայաստանի ապաշրջափակմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:





























