Վրացական Սվետոծխովելի մայր տաճարում հանդիսավոր պատարագից հետո Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ խորհրդարանում եւ կառավարությունում քննարկվող ինքնակառավարման օրենսգրքին:
Նա դեմ է հանդես եկել այդ օրինագծին, որը նախատեսում է տեղական իշխանության մարմինների ընտրության հարցում լայն լիազորություններ փոխանցել տարածաշրջաններին: Կաթողիկոս-պատրիարքի խոսքով՝ ինքնակառավարման մասին օրենքը կհանգեցնի Վրաստանի փլուզման:
«Մեր խորհրդարանն ու իշխանությունն այսօր քննարկում են ինքնակառավարման հարցը: Դա շատ բարդ հարց է. եթե այն կյանքի կոչվի, մենք կհասնենք երկրի փլուզման: Դրա հետ մենք երբեք չենք հաշտվի եւ կանենք ամեն բան, որ դա չիրականանա: Վրաստանը եղել եւ մնում է միասնական ժողովուրդ ու միասնական երկիր: Մենք պետք է հիշենք, որ երբ իշխանությունն ուժեղ է եղել, ուժեղ է եղել նաեւ երկիրը: Մեր կարծիքով՝ յուրաքանչյուր տարածաշրջան պետք է կապված լինի մեր իշխանության հետ: Իշխանությունը պետք է իմանա շրջաններում առկա խնդիրների մասին... Իշխանությունը ինքը պետք է պարզի, թե ինչ է անհրաժեշտ յուրաքանչյուր տարածաշրջանի»,-ասել է պատրիարքը:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ ինքնակառավարման ոլորտում բարեփոխումը տեղի է ունենալու փուլային եղանակով, որի ժամանակ կփորձարկվեն ու կկատարելագործվեն ինքնակառավարման նոր մոդելներ:
Ինչ վերաբերում է ընդդիմության պնդմանը, թե այս բարեփոխումը անջատողականության սպառնալիք է կրում, Ուսուպաշվիլին հայտարարել է, որ դա սխալ դրված հարց է: «Անջատողականություն է ծնում հենց անիրավությունը, ճնշվածության զգացումը եւ սեփական հարցերն ինքնուրույն լուծելու հնարավորության բացակայությունը: Մոտեցումը, թե ինքնակառավարման ոլորտում բարեփոխումը սպառնալիքի տակ է դնում երկրի միասնականությունը, անհեթեթություն է»,-ընդգծել է Ուսուպաշվիլին:



























