Ուկրաինական ընդդիմությունը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում ԵԱՀԿ արտգործնախարարներին կոչ է արել վճռականորեն դեմ արտահայտվել Ուկրաինայում քաղաքական ճնշումներին, աջակցել խաղաղ ցուցարարներին:

Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն եւ Օլեգ Տյագնիբոկը՝ ուկրաինական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, ԵԱՀԿ արտգործնախարարներին կոչ են արել պաշտպանել եվրաինտեգրման կողմնակիցներին:

Ընդդիմադիրները նշել են, որ  «Յանուկովիչի ռեժիմը լայնամասշտաբ ճնշումներ է սկսել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում  53 քրեական վարույթ է սկսվել ցուցարարների նկատմամբ: Նրանցից ոմանց լկտի, շինծու մեղադրանքներով կալանավորել են նվազագույնը երկու ամսով», - մեջբերում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նշենք, որ Կիեւում զանգվածային ցույցերին զուգահեռ դեկտեմբերի 5-6-ին ընթանում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը: