Կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Դավիթ Մարկոսյանը, Ռազմիկ Մանուկյանը եւ Արշակ Թորոսյանը գտնվում են «Նուբարաշենի» հոգեբուժարանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկությունը, միայն նշեց, որ նշանակվել է փորձաքննություն, իսկ նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի:
«ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը: Փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ հայտնաբերվել էին:
Իսկ ականատեսներն էլ նշել են, որ զինծառայողները սարսափահար դուրս են փախել հոսպիտալից եւ խնդրել իրենց փախցնել այդտեղից, քանի դեռ իրենց չեն սպանել:




























