Սպիտակի երկրաշարժը կարող էր այդքան ավերիչ չլինել, եթե հայերը չիրականացնեին կոմունիզմի հայկական տարբերակը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հասցրած վնասների մասին:
Նրա խոսքով, գողությունը, կաշառակերությունը համատարած էր, ինչը դժվարացրեց հետեւանքների վերացման աշխատանքները, իսկ շենքերն անորակ էին եւ ոչ սեյսմակայուն: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նոր քաղաքաշինական կոմիտեն, որը ղեկավարում է Նարեկ Սարգսյանը ամեն ինչ անի, որ սեյսմիկ գոտու նորմատիվները կարողանանք ապահովել»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:
Անդրադառնալով Սպիտակի երկրաշարժին՝ Ադիբեկյանն ասաց, որ հարյուրավոր երկրներ հայտարարեցին, թեր օգնություն կցուցաբերեն Հայաստանին, սակայն գործընթացը կիսատ մնաց: «Երկու տարի անց սկսեց Ղարաբաղի խնդիրը, մենք մտանք շրջափակման մեջ: Մեր հիմնական բեռը գալիս էր Ադրբեջանով եւ սկսվեց անկախացումը: Հետեւաբար մենք մեզ խոստացված գումարները չստացանք ու մինչեւ հիմա խնդիրը վերջնական լուծում չի ստացել»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:




























