Սպիտակի ավերիչ երկրաշարժից 25 հազար մարդ է զոհվել, 514 հազար մարդ մնացել է անօթեւան: Այս մասին այսօր դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հասցրած վնասների մասին:
«Ավերվել է մոտավորապես 58 գյուղ, 11 քաղաք: Փլատակների տակից հանվել է 45 հազար կենդանի մարդ: Հոսպիտալացվել է 12 հազար 500 մարդ, տարահանվել է 120 հազար մարդ, որոնցից 70 հազարը Հայաստանից դուրս: Իսկ երկրաշարժի հասցրած վնասը գնահատվում է 10 միլիարդ դոլար»,- ներկայացրեց սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Սպիտակի դասերը հետեւյալն է. «Չի կարելի ստի, կեղծիքի, կաշառքի, անօրինականության, օրենքի պահանջների չկատարման պայմաններում ունենալ նորմալ երկիր, որը կարողանա դիմակայել եւ բնական, եւ սոցիալական, եւ տեխնոլոգիական բախումներին ու հարվածներին: Դա մենք պետք է միշտ հիշենք եւ չմոռանանք»:



























