Թուրքիայի խորհրդարանում քննարկվելու համար քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորները օրենսդրական նախագծի մեջ օգտագործել են «Քուրդիստան» բառը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում առաջիկա շաբաթ քննարկվելու է բյուջեի նախագիծը եւ բյուջետային հանձնաժողովի զեկույցը։ Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները այդ օրը քննարկելու համար ներկայացրել են պրենսդրական նախագիծ, որի մեջ 17 անգամ օգտագործվում է «Քուրդիստան» բառը, ինչպես նաեւ «քուրդ ժողովրդի առաջնորդ պարոն Օջալան» անունը։
«10 հազար քուրդ քաղբանտարկյալ քուրդ ժողովրդի առաջնորդ Օջալանի մեկուսացումը վերացնելու եւ խաղաղության բանակցություններ սկսելու համար սկսել էր հացադուլ, որի հետ մեկտեղ Թուրքիայի եւ Քուրդիստանի 4 կողմում սկսվեցին ժողովրդական ըմբոստություններ։ Գարնան եւ պայքարի տոն հանդիսացող Նովրուզին Դիարբեքիր/Ամեդում 2 մլն քաղաքացու մասնակցությամբ հանրահավաքին կարդացվեց Օջալանի գարնանային ուղերձը։ Եթե խաղաղության գործընթացը ուղեկցվեր օրենսդրական փոփոխություններով, PKK-ի պարտիզանները լքելու էին Քուրդիստանի եւ Թուրքիայի տարածքը։ Ահա Գեզի այգու դիմադրությունը այսպիսի պայմաններում մեծ զայրույթով եւ էներգիայում պայթեց։ Դեպքերը անցան Քուրդիստանի մասը եւ Թաքսիմի շրջակայքում ոստիկանության բռնությունների եւ պետական ահաբեկչության խնդիրները առաջ բերեցին»,-նշվել է օրենսդրական նախագծի հատվածներից մեկում։




























