Վերջին տարիներին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալվում են անհնազանդության, դիմադրության, ոստիկանության պահանջներին չենթարկվելու եւ այլ, հաճախ շինծու, մեղադրանքներով: Այդ մասին ասվում է «Իրավունք եւ Աջակցություն Հիմնադրամ»-ի հայտարարության մեջ:

«Նրանցից շատերը նաեւ ենթարկվում են քրեական հետապնդման եւ վարչական տույժերի: Նրանցից գանձվում են տուգանքներ, իսկ նրանց սեփականությունը ենթարկվում է կալանքի: Մեր քաղաքացիների նկատմամբ կիրառվող եւ սաստկացող բռնություններն ու հալածանքները պահանջ են առաջացրել ստեղծելու մշտապես գործող համաքաղաքացիական եւ համազգային մարմին, որը պատշաճ կերպով կապահովի հալածյալների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը:

ՀՀ-ում առկա ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունները գործում են կամ՝ ընդհանուր ձեւաչափով, որտեղ այս սոցիալական խումբը չի առանձնացվում, կամ՝ զբաղվում են այլ սոցիալական խմբերի անձանց իրավունքների պաշտպանությամբ: Այս պատճառով, էապես դժվարանում, իսկ երբեմն` անհնար է դառնում քաղհալածյալների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների արդյունավետ պաշտպանության կազմակերպումը:

Հետեւաբար, անհրաժեշտություն է ծագել ստեղծելու վերկուսակցական, համաքաղաքացիական եւ համազգային մի կառույց, որը մասնագիտացված ու համակարգված կերպով կզբաղվի բռնության եւ հալածանքների ենթարկվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ ու նրանց համար նյութական աջակցություն կազմակերպելով:

Այս խնդիրը լուծելու համար մենք՝ ՀՀ քաղաքացիներ Սուսաննա Սիմոնյանը, Կարո Եղնուկյանը եւ Տիգրան Խզմալյանը, ստեղծել ենք ,Իրավունք եւ աջակցությունե հիմնադրամը:

Հիմնադրամը հանդիսանում է ՀՀ-ում քաղբանտարկյալներին, քաղաքական հալածանքների եւ ճնշումների ենթարկված քաղաքացիներին իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված նախաձեռնություն:

Իրավական օգնություն ցուցաբերող սույն հիմնադրամը նպատակ ունի մասնագիտական եւ նյութական աջակցություն ապահովել հալածյալ քաղաքացիներին, իսկ նրանց ազատազրկման դեպքում ցուցաբերել օգնություն նաեւ նրանց ընտանիքների անդամներին:

Հիմնադրամն իր նպատակների համար դիմելու է ՀՀ քաղաքացիների, սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների օգնությանը: Այն հիմնվելու է արդարության, անաչառության եւ թափանցիկության սկզբունքների վրա` բացառելով գաղափարական եւ այլ հիմքերով որեւէ խտրականություն:

Հիմնադրամը նպատակ ունի դառնալ մեկ համընդհանուր վահան, որն իր պաշտպանության տակ է առնելու եւ աջակցություն է ցուցաբերելու ցանկացած քաղաքացու ու նրա ընտանիքի անդամի, եթե նրանք քաղաքական շարժառիթով ենթարկվում են բռնության եւ հալածանքի, կամ՝ տուժել են դրանց հետեւանքով: Այդ աջակցությունը ներառելու է, ինչպես փաստաբանական ծառայություններ, այնպես էլ մասնագիտական, նյութական եւ այլ անհրաժեշտը օժանդակություն հալածյալին եւ նրա ընտանիքին:

Հիմնադրամը, վերոհիշյալ գործունեությունը իրականացնելու համար ուղիղ կապեր է հաստատելու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային եւ միջազգային համապատասխան կառույցների եւ հեղինակավոր ատյանների հետ նրանց աջակցությունը ապահովելու նպատակով»,- ասվում է նորաստեղծ հիմնադրամի հայտարարության մեջ: