NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է բլոգեր Ջոշուա Քուչերայի հոդվածը, որը հրապարակվել է «EurasiaNet» կայքում:

Հայերը, հավանաբար, անհանգիստ էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իրենց երկիր կատարած այցի համար, քանի որ այն ցույց էր տալիս Երևանի արտաքին քաղաքականության նկատմամբ Ռուսասանի ուժեղացող վերահսկողությունը: Սակայն Ադրբեջանում այցն այլ տեսակ անհանգստություն առաջացրեց. այն է՝ Պուտինը հաստատում է Ռուսաստանի ռազմական օգնությունը Հայաստանի Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ բախման ժամանակ:

Բաքվում ռազմական փորձագետ Ուզիեր Ջաֆարովը հայտարարել է, Պուտինի աջակցությունը Հայաստանին ավելացնում է բախման վտանգը: «Հունվարին եւ փետրվարին մենք պետք է շատ զգույշ լինենք սահմանագծում տիրող իրավիճակի հանդեպ: Շատ հնարավոր է, որ սահմանին տեղային բախումներ տեղի ունենան: Ռուսաստանը շարունակում է երկակի խաղեր խաղալ: Մենք չպետք է տրվենք դրան ու պետք է Ռուսաստանի ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը կողմնակալ է»,- հայտնել է Ջաֆարովը «Ազադլիգ» թերթին:

Բաքվում անհանգստություն էր առաջացել ավելի վաղ այս աշնանը Կրեմլի մտադրությունների պատճառով, երբ Հայաստանում ռուսական բազայի հրամանատարը ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական թերթին հայտնել էր՝ Ռուսաստանը «կարող է ռազմական բախման մեջ մտնել Ադրբեջանի հետ», եթե Բաքուն որոշի փորձ կատարել ուժով գրավել Ղարաբաղը: Բաքվի բարձրառուչ դիվանագիտական բողոքների ֆոնի վրա Մոսկվայի պատասխան լռությունը հարց առաջացրեց. արդյոք Ռուսաստանը Ադրբեջանի նկատմամբ նման ագրեսիվ դիրքորոշում կընտրի: ՌԻԱ Նովոստիի կայքում Արկադի Դուբնովի հետաքրքիր հոդվածում ասվում է, որ Պուտինի այցը Հայաստան մասամբ նրա համար է, որ իրեն անձամբ զեկուցեին, արդյոք Հայաստանում գտնվող ռուսական զորքերը փաստացի կարող են նման առաքելություն իրականացնել:

Դուբնովը գրում է. «Այժմ պարզ է, թե ինչու. Ռուս գլխավոր հրամանատարին պետք էր առաջնահերթ անձամբ համոզվել, որ Ռուսական Ռազմական 102-րդ բազայի հրամանատարի կողմից ձևակերպված խնդրի լուծումն իրական է: Գնդապետ Ռուզինսկու զեկույցն ակնհայտորեն այդ նպատակն էր հետապնդում ու սպառիչ էր… Հրամանատարն առանձնացրեց բազայի «ռազմական կազմի առանձնահատկությունը»՝ «հակաօդային պաշտպանության ստորաբաժանման առկայությունը, որը կարող է առաջադրված ցանկացած բարձրությունում հակառակորդի հարձակման օդային միջոցը հայտնաբերել ու ոչնչացնել»: Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստան նախագահին բավարարեց զեկույցը…»:

Դուբնովը անաեւ ենթադրում է, որ  Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի վերջին ռազմական նախաձեռնությունները, հավանաբար, մասամբ պայմանավորված էին ցանկությամբ ճնշում գործադրել Հայաստանի վրա Մաքսային միություն մուտք գործելու եւ եվրաինտեգրացումից հրաժարվելու հարցում: Այս ենթատեքստում այց Հայաստան նշանակում էր. «Այո, մենք ձեր կողմից ենք»:

Սակայն, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա խուսափեց հարցից: Պատասխանաելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչ կանի Ռուսաստանն այն դեպքում, երբ «Ադրբեջանը իր ռազմական հայտարարություններն իրականացնի», Պուտինը պատասխանեց. «Դուք հաճախ բարձրաձայն կրկնեք դա, այն ժամանակ խաղաղ կարգավորման համար պայմանները կնվազեն, իսկ լուծման այլ միջոցները կամրապնդվեն… Այժմ հիպոթետիկ կերպով խոսել այն մասին, թե ինչ ենք անելու, եթե պատերազմ սկսվի, իմ կարծիքով, բացարձակապես անարդյունավետ է: Կթվա, թե մենք պատերազմի ենք պատրաստվում, իսկ մենք, ինչպես արդեն նշել է Հայաստանի նախագահը, պետք է հասնենք նրան, որ բոլոր վիճելի հարցերը լուծվեն բացառապես քաղաքական - դիվանագիտական միջոցներով: Մենք հենց դրան ենք ձգտելու»:Ասվածի թարգմանությունը. «Մենք կարող ենք լինել Հայաստանի կողքին, սական դեռ ապահովագրում ենք մեր դրույքները»: