Արարատի մարզի Այնթապ համայնքում, դեկտեմբերի 8-ին, գյուղապետի ընտրություններ են. միմյանց դեմ են առաջադրվել հանրապետականներ` գործող գյուղապետ Կարեն Սարգսյանն ու նախկին գյուղապետ Լեւոն Թարվերդյանը: Վերջինս հանդես է գալիս «Այնթապն ազատել բռնատիրությունից» կարգախոսով: NEWS.am-ը փորձեց Լեւոն Թադեւոսյանից ճշտել, թե ինչու է ցանկանում կրկին վերադառնալ նախկին պաշտոնին:
Պարոն Թարվերդյան, շատ է խոսվում Արարատի մարզի ամենամեծ գյուղ Այնթապում ընտրապայքարի թեժության մասին:
Թեժություն չեմ տեսնում, պարզապես` մրցակից կողմը խուճապի է մատնված, ինչի համար` չգիտեմ: Գործող գյուղապետ է, թող բնակչության հետ համագործակցեր, իրեն ուզեին, ընտրեին: Ես ընտրապայքարը չեմ թեժացնում, ընդհակառակը` օրվա ընթացքում նաեւ աշխատում եմ, արձակուրդ չեմ գնացել, սակայն պարտադիր ժամանակ եմ գտնում նաեւ բնակիչների հետ հանդիպման համար: Իր նման 2-3 հատ շտաբ չեմ բացել, նաեւ այն պատճառով, որովհետեւ նախկինում` 12 տարի եղել եմ գյուղապետ, 4 անգամ ընտրվել եմ առանց շտաբի, հիմա էլ չեմ բացում, որովհետեւ հակառակորդներս փորձում են նեղացնել իմ ընտրողներին, ինձ համար քարոզչություն իրականացնողներին, կողմնակիցներին: Ում տուն գնում եմ, ինձնից հետո մոտենում, ասում են, թե` տես, քանի գործ ես անում, բռնել կտանք: Դրա համար էլ ես նախընտրել եմ ոտքով քայլել, զրուցելու մարտավարությունը, էնքան հետեւիցս ման գան, էնքանից շատ:
Այսինքն` քարոզարշավն այնքան էլ նորմալ չի ընթանում ոտնձգություններ, վտանգներ կան:
Հետապնդում են` միանշանակ, հիմա երեւի դուրս գանք, կտեսնենք, որ մոտիկ ավտո կա կանգնած: Անընդհատ հետաքրքրվում են, թե ինչ եմ անում, ում հետ եմ հանդիպում, ուր եմ գնում, ոնց եմ քարոզչություն վարում: Իրենք շատ անմտածված ու միամիտ բաներ են անում, կարծում են` ճարպիկ են, ասում են` մորքուրն իրեն, ամուսինը` մեզ ձայն կտա: Վերջում` քվեաթերթիկները հանելուց ամեն բան պարզ կլինի, թե ով է ընտրվել:
Ինչպես դուք նշեցիք` ժամանակին գյուղապետի պաշտոնում ընտրվել եք 4 անգամ, սակայն վերջինում ազատվել եք պաշտոնից հենց ձեր դիմումի համաձայն, ինչու, եւ հիմա ինչու եք որոշել նորից առաջադրվել եւ ընտրվել գյուղապետ:
Այո, ընտրվել եւ կամովին էլ հրաժարվել եմ, որովհետեւ ես երբեք իմ համագյուղացիներին դատարանների դռները չեմ գցել ու չեմ գցի: Իսկ երբ մարդիկ նեղության մեջ են եղել, ոստիկանությունում կամ` որեւէ այլ, ես միշտ օգնել եմ շուտ ազատման համար: Իսկ այդ ժամանակ ինձ պարտադրում էին, որ յուրաքանչյուր փողոցից 10 ընտանիքների դատի տամ, որ հարկերի հավաքման խնդիրը լուծվի: Ասել եմ` շնորհակալ եմ, դիմում եմ գրել, հեռացել: Իսկ հիմա` Այնթապը դարձել է բռնատիրական գյուղ, որտեղ գյուղացին իրավունք չունի ազատ մտնել գյուղապետի մոտ: Նաեւ այդ պատճառով` ես պայքարելու եմ մինչեւ վերջ, որպեսզի ով ինչ խնդիր ունենա` գա գյուղապետարան դիմի, ընդառաջվի: Մեր համայնքում գյուղապետից վախենալու մթնոլորտը պիտի վերանա: Իմ թեկնածության առաջադրվելու հիմնական նպատակն սա է:





























