Արգենտինահայ երիտասարդները դուրս են եկել Բուենոս-Այրեսի փողոցներ՝ ի նշան բողոքի ընդդեմ ադրբեջանական ֆիլմի ցուցադրության, որը սուտ է տարածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմական իրականության վերաբերյալ: Միջոցառումը կազմակերպվել էր «Equilibrium Global» մեդիաընկերության եւ Արգենտինայում Ադրբեջանի դեսպանության կողմից: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռասիստական ու այլատյաց դիրքորոշումների մասին, ով հայտարարել էր. «Մեր գլխավոր թշնամիները ողջ աշխարհի հայերն են, ինչպես նաեւ նրանց կողմից վերահսկվող կոռումպացված ու երկերեսանի քաղաքական գործիչները»՝ երթի կազմակերպիչները՝ Հարավային Ամերիկայի հայկական երիտասարդական դաշնությունը, հայտնել էին, որ եթե դա այդպես լիներ, ապա նախկին նախագահ Ռաոիլ Ալֆոնսինը, ով հանդես եկավ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությամբ, կամ նախկին նախագահ Նեստոր Քիրշները Արգենտինայի Ազգային Սենատի հետ միասին, որն օրենք է ընդունել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու մասին, ըստ Ադրբեջանի, «կոռումպաված էին», «երկերեսանի» ու «հայերի վերահսկողության ներքո»:Ցուցարարները նաեւ դատապարտել են Ադրբեջանի կառավարության կողմից տարվող հետապնդումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այցելուների դեմ՝ նրանց սեւ ցուցակում ավելացնելու եղանակով, որը քննադատել են արգենտինացի մի քանի գործիչներ:
Բացի այդ, ցուցարարները հատուկ կերպով դատապարտել են «գիտնական» հերքողները Պաոլո Բոտտային, ով կրկնում է թուրքական սուտը, եւ լրագրող Դիեգո Վելասկեսին, ով արտահայտում է ադրբեջանական սուտը եւ ֆիլմի ցուցադրման կազմակերպիչներից մեկն էր՝ իր «Equilibrium Global» ընկերության հետ միասին:Կազմակերպիչները բացատրել են, որ ի տարբերություն ադրբեջանական մամուլում առկա հաղորդագրությունների, իրենց ակցիան իրականում պասիվ է եղել ու չեն փորձել կանխել ֆիլմի ցուցադրումը: Դրա փոխարեն շատերն են իրենց համերաշխությունը հայտնել, իսկ շատ հյուրեր, ովքեր ներկա էին ֆիլմի ցուցադրությանը, տեղեկություններ են ստացել Ղարաբաղի մասին, ոմանք գերադասել են չմասնակցել միջոցառմանը:




























