Ոստիկանությունը Մոսկվայի կենտրոնի Մանեժնայա հրապարակում ձերբակալել է «բոլոտնայայի գործով» պատիժ կրողներին զորակցող հանրահավաքի 22 մասնակիցների, հայտնում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությունը։
Մոսկվայի կենտրոնում չարտոնված ցույցին հավաքվել էր 40 մարդ, հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները՝ հավելելով, որ «նրանցից ոմանք փորձել են խախտել հասարակական կարգը»։ 22 ձերբակալվածներ տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Բացի դրանից, դեկտեմբերի 6-ին Պետդումայի շենքի մոտ ձերբակալվել են 19 ակտիվիստներ, որոնք ցույց էին կազմակերպել՝ «Բոլոտնայի գործով» մասնակիցներին ներում շնորհելու պահանջով։ Նույնանման ակցիա իրականացրած եւս երեք մարդ ձերբակալվել են Մոսկվայի քաղաքապետարանի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեկտեմբերի 6-ին հայտնի էր դարձել, որ նախագահի վարչակազմը համաներման նախագծի որոշում է պատրաստել՝ նվիրված Ռուսաստանի Սահմանադրության 20-ամյակին, որը գործում է միայն ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք գործած անձանց նկատմամբ։ Այդպիսով, տեսականորեն համաներումից կարող են օգտվել «Բոլոտնայի գործով» 27 մասնակիցներից միայն ութը։





























