Մեքսիկայում կոբալտ-60 ռադիոակտիվ նյութով բեռնատարն առեւանգողները կալանավորվել են, հայտնել են կառավարության աղբյուրները։
AP-ի տվյալով՝ կասկածյալներին բռնել են դեկտեմբերի 5-ին եւ անմիջապես տեղափոխել Իդալգո նահանգի Պաչուկա քաղաքի հիվանդանոց։ Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում, գրում է lenta.ru-ն։
Իդալգո նահանգի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ ռադիացիոն ճառագայթման ենթարկված լինելու կասկածանքով Պաչուկա քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել հինգ չապահասներ եւ մեկ դեռահաս։
Ենթադրվում է, որ այդ մարդիկ շփվել են ռադիոակտիվ կոբալտ-60 նյութի հետ, որը գտնվել է բեռնատարում։
Իր հերթին Մեքսիկայի կառավարության աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ռադիացիոն ճառագայթման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխվածները բեռնատարի առեւանգման վայրից ոչ հեռու են բնակվում։
Հիշեցնենք, հիվանդանոցից ռադիոակտիվ թափոնների պահպանման վայր կոբալտ-60 տեղափոխող բեռնատարը Մեխիկոյի մոտակայքից առեւանգվել էր դեկտեմբերի սկզբին։
Մեկ օր անց այն հայտնաբերվել էր։ Պարզվել էր, որ կոբալտ-60 պարունակող հատուկ բեռնարկղը բացել են, իսկ ռադիոակտիվ նյութը բեռնատարից մի քանի մետր հեռվում էր եղել։




























