Ամբողջ աշխարհում բջջային հեռախոսների տեղափոխություններին հետեւելը ավելի քան 30 տարվա վաղեմություն ունի, հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը։
Կառավարության թիվ 12333 կարգադրությունը, որը թույլ է տալիս հետեւել միլիարդավոր բջջային հեռախոսների տեղաշարժերին, Ռոնալդ Ռեյգանը ստորագրել է դեռեւս 1981թ.։
«12333 կարգադրության համաձայն՝ տվյալների հավաքումը կատարվում է երկրից դուրս։ Այս հնարավորությունները օգտագործվել են երկրի ամենավտանգավոր մասերում», — հայտարարել է ԱԱԳ-ի ներկայացուցիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Washington Post-ը։
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերին սկանդալ էր բռնկվել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու համար: Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլերին վստահեցրել էր, որ նրա հեռախոսազրույցները չեն գաղտնալսվել հատուկ ծառայությունների կողմից:
Նշենք, որ ըստ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տվյալների, ԱԱԳ-ն տեղեկություններ է հավաքում նաեւ հեռախոսազանգերի մասին, ներառյալ՝ հեռախոսահամարները, զանգերի ժամանակն ու տեողությունը: Ըստ նրա՝ նման տեղեկությունների հավաքումը վերաբերում է ԱՄՆ-ում բոլոր հեռախոսներին:





























