Նախանշաններին հավատացող մարդիկ ավելի երկար են ապրում, քան թերահավատները: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները: Չորս տարվա ընթցքում մասնագետները հետեւել են հինգ հազար կամավորների, որպեսզի համակարգեն մարդկանց համոզմունքները եւ հստակ պատկերացում ստանան Մեծ Բրիտանիայի որ շրջաններում են ապրում ավելի սնահավատ մարդիկ եւ որքան է նրանց կյանքի տեւողությունը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախանշաններին ավելի շատ հավատում են տարեց հասակի մարդիկ: Նրանք հավաստիացնում էին, որ ողջ կյանքում ուշադիր են եղել կանխատեսումների, երազների եւ այլ նախանշանների հանդեպ: Գիտնականները ներկայացրել են վիճակագրական տվյալներ՝ ելնելով հարցվողների տեղեկություններից, եւ պարզվել է, որ մինչեւ 80 տարեկան հասակի մարդկանց շրջանում սնահավատները կազմել են 93 տոկոս, իսկ մինչեւ 90 տարեկան՝ 97 տոկոս: Այսինքն, որքան տարեց է մարդը, այնքան ամուր է նրա հավատը այս կամ այն տեսակի նախանշանների հանդեպ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Գիտնականները բացատրում են կյանքի տեւողության ու սնահավատության միջեւ փոխադարձ կապը նման անձանց շրջանում այնպիսի որակների առկայությամբ, ինչպիսիք են զգուշությունն ու մտածկոտությունը: Սնահավատ մարդիկ զգուշությամբ ծրագրում են իրենց գործողությունները եւ հանգիստ են վերաբերում տհաճություններին, որի հետեւանքով քիչ են սթրեսի ենթարկվում:





























