Արմավիրի մարզում քրեական հեղինակություն համարվող 22-ամյա Մխիթար Գազազյանը, ով հայտնի է «Բուսի տղա Մխո» մականունով եւ դեկտեմբերի 7-ին, կրակել էր կրկին քրեական հեղինակություն համարվող 34-ամյա Արայիկ Հովհաննիսյանի վրա, մոտ 10 օր առաջ էր վերադարձել Մոսկվայից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Տուժող 34-ամյա Արայիկ Հովհաննիսյանն էլ մոտ 15 օր առաջ է վերադարձել Ռուսաստանից: Նրանք նախկինում ծանոթներ են եղել եւ պատահական վիճաբանության ընթացքում իրար չեն հասկացել եւ սխալ արտահայտության պատճառով նստել են Արայիկ Հովհաննիսյանի մեքենան, գնացել առանձին տարածք՝ հաշիվներ պարզելու: Հենց այդտեղ էլ Մխիթար Գազազյանը կրակել է Արայիկ Հովհաննիսյանի վրա:
Արմավիրի ոստիկանության բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 235 հոդվածի հատկանիշներով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Սույն հոդվածն էլ պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզում քրեական հեղինակություն համարվող 22-ամյա Մխիթար Գազազյանը, ով հայտնի է «Բուսի տղա Մխո» մականունով, դեկտեմբերի 7-ին, կրակել է կրկին քրեական հեղինակություն համարվող 34-ամյա Արայիկ Հովհաննիսյանի վրա: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել ազդրի շրջանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, Արմավիրի ոստիկանության բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը հաստատեցել էր տեղեկությունը: Նշենք, որ Դեկտեմբերի 7-ին 17:30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչ 34-ամա Արայիկ Հովհաննիսյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ հանցագործությունը կատարվել է Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում: Այն կատարել է Վաղարշապատի Պիոներների 39 տան բնակիչ «Բուսի տղա Մխո» մականունով հայտնի 22-ամյա Մխիթար Աշոտի Գազազյանը: Վերջինս դեկտեմբերի 7-ին, ժամը 17:30-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող «Մակարով» տեսակի ատրճանակով կրակ է բացել Արային Հովհաննիսյանի ուղղությամբ: Արամ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 8-ին, Բագրատաշենի անցակետով փախուստի փորձ կատարելիս հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Մխիթար Գազազյանը:
Նա ոստիկաններին էր ներկայացել հանցագործության գործիք ատրճանակը: Գազազյանը ձերբակալված է:




























