Հյուսիսային Կորեայի իշխանություններն ազատել են ԱՄՆ-ի 85-ամյա քաղաքացուն եւ արտաքսել երկրից: Ամերիկացի Մերիլ Էդվարդ Նյումենը Կորեայի պատերազմի վետերան է, որը ԿԺԴՀ էր ժամանել որպես զբոսաշրջիկ, նա կալանավորվել էր այս տարվա հոկտեմբերին, հայտնում է Reuters-ը:  Նյումենը մեղադրվում էր լրտեսության մեջ: Ըստ մեղադրող կողմի տվյալների` 85-ամյա վետերանը ԿԺԴՀ էր ժամանել` «1950-53թթ. Կորեական պատերազմի տարիներին իր ղեկավարության ներքո նախապատրաստում անցած դիվերսանտների եւ լրտեսների գտնվելու վայրը պարզելու նպատակով»: Ամերիկացուն ազատել են `« մարդասիրական նկատառումներից ելնելով», եւ հաշվի առնելով «Նյումենի անկեղծ խոստովանությունը, իր տարիքը եւ առողջական վիճակը»:

Ըստ Կորեայի Կենտոնական հեռագրային գործակալության` 1950-53թթ. պատերազմի տարիներին Նյումենը «լրտեսների եւ դիվերսանտների հավաքագրմամբ էր զբաղվում Կուվոլի լեռների շրջանում, սերտ կապեր ուներ ԿԺԴՀ-ի դեմ գործող հարավկորեական կազմակերպության հետ», որի համար էլ ներողություն էր խնդրել:

Իր հերթին` ամերիկացին ավելի վաղ հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ում ռազմական հանցագործությունների մեղսակցությունը խոստովանել է ճնշման տակ: 

Պաշտոնական Վաշինգտոնը ողջունել է Մերիլ Նյումանին ազատելու որոշումը, ասված  է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ: