Նոյեմբերին Երեւանում մեկնարկած աշնանային ծառատունկի հիմնական ծրագիրն ամբողջությամբ ավարտվել է: Ծառատունկին մայրաքաղաքում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 20 հազար ծառ եւ 14000 թուփ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվությանեւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե շուրջ 10 հազար ծառ եւ 14 հազար թուփ տնկվել է մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների կողմից: Եվս 10 հազար ծառ էլ տնկվել է համատիրությունների, կրթական, առողջապահական եւ այլ հաստատությունների ու կազմակերպությունների ուժերով: Տնկվել են հիմնականում գնդաձեւ ակացիաներ եւ սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին եւ լավ կպչողականություն են ապահովում: Ինչ վերաբերում է թփերին, ապա դրանք հիմնականում վարդի եւ այլ ծաղկող թփեր են:

Քաղաքապետի հանձնարարությամբ ծառատունկն իրականացվել է բացառապես ոռոգելի տարածքներում: Այս համատեքստում տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաեւ «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու եւ Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ եւս աշնանային ծառատունկ է իրականացվել:

Երեւանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում, ի դեպ, ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի: