44-ամյա Արմեն Չ.-ի մայրը նրան հարբեցող է անվանել, ինչի համար նա մորը զրկել է կյանքից: Ավան եւ  Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 44-ամյա Արմեն Չ.-ն, 2013թ. օգոստոսի 25-ին, իրենց Երեւան քաղաքի բնակարանում, ապօրինաբար մորը՝ Գոհար Չ.-ին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Արմեն  Չ.-ն պարբերաբար գործածել է ոգելից խմիչք, ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան: Հերթական անգամ, նա առավոտյան դուրս է եկել տնից, գործածել ոգելից խմիչք, այնուհետեւ գնացել է Ավան թաղաման՝ տեսակցելու կնոջ՝ Գայանե Ա.-ի խնամքի տակ գտնվող իր որդուն, սակայն ոգելից խմիչք օգտագործած լինելու պատճառով կինն արգելել է նրան տեսակցել որդուն: Նա վրդովված վերադարձել է տուն, խանութից գնել օղի եւ մորից պահանջել կերակուր պատրաստել, իսկ ինքը խմել է գնված օղին:

Մայրը ցանկացել է գնալ խանութ՝ ձեթ գնելու նպատակով, որի ժամանակ Արմեն Չ.-ն պահանջել է իր համար օղի գնել, ինչի առիթով մայրը նախատել է նրան, անվանելով հարբեցող: Ի պատասխան Արմենը բնակարանի միջանցքում ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին: Մայրը վայր է ընկել եւ այդ վիճակում շարունակել նախատել որդուն, ով ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել մոր կենսականորեն կարեւորագույն օրգանի գլխի շրջանին:

Գոհար Չ-ն պատճառված գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետեւանքով առաջացած գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարման արդյունքում մահացել է:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ`  8-15 տարի ժամկետով: 

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: